ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին

Armenpress 21:38, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը տրամադրում է 80,000 եվրո մարդասիրական օգնություն 2020 թվականի հուլիսին Գյումրիում տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղեղի հետևանքով առավել տուժած բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։

«Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝  դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին  բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:

2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել  Գյումրիում, որը  Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին  կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և  քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am