Բաքուն փորձում է Բեյրութի «պղտոր ջրում ձուկ որսալ»

Armenpress 16:30, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի սոցիալ-տնտեսական ծանր իրադրության ֆոնին օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը որոշ երկրների համար Լիբանանում իրենց ազդեցությունը տարածելու նոր հնարավորություն ստեղծեց։ Աղետից հետո տարբեր երկրներ հայտարարեցին Լիբանանին օգնելու պատրաստակամության մասին։ Այդ երկրիների թվում էր նաև Ադրբեջանը։

Օգոստոսի 5-ին Լիբանանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն ֆինանսական աջակցություն կցուցաբերի  Լիբանանին։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Ադրբեջանի վարչապետը Լիբանանին 1 մլն դոլարի ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս որոշումը, սակայն, ադրբեջանցիների շրջանում ոգևորություն չառաջացրեց, ընդհակառակը։

Հանրային դժգոհության հիմնական ուղերձները կարելի է ամփոփել այս երկու ձևակերպման մեջ․

«Լիբանանին օգնելը հավասարազոր է հայերին ու Հայաստանի օգնելուն», «Սեփական ժողովրդին ե՞րբ եք օգնելու»։

Քննադատություններին ի պատասխան՝ իշխանական քարոզչական ռեսուրսներն էլ Լիբանանին օգնելը բացատրեցին նրանով, որ այդ քայլը նպաստելու է․

Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացմանը, Լիբանանում Ադրբեջանի մասին «հայերի ստեղծած» բացասական պատկերացումների փոփոխմանը, Լիբանանում հայերի դիրքերի թուլացմանը։

Առհասարակ հարկ է նշել, որ վերջին մի քանի ամիսներին՝ կորոնավիրուսի համաճարակի տարածմանը զուգահեռ, երևան եկան նաև Ադրբեջանի «հումանիտար նկրտումները»։

Մարտի 6-ին հայտնի դարձավ, որ կորնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանը ԱՀԿ-ին 5 մլն դոլարի օգնություն է հատկացրել։ Հաջորդ օրը՝ հայտարարվեց նաև Իրանին 5 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին։ ԱՀԿ-ին նույնքան ֆինանասական միջոցներ Բաքուն հատկացրեց նաև ապրիլին՝ «Չմիավորման շարժման երկրների աջակցելու նպատակով»։ Հետագայում եղան նաև հայտարարություններ մի քանի այլ երկրների ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերելու մասին։

Արդեն հուլիսի 8-ին Ալիևը հայտարարեց, որ Բաքուն կորոնավիրուսի դեմ պայքարում աջակացություն է ցուցաբերել 30-ից ավելի երկրի։

Սակայն, կորոնավիրուսային «օգնության» դեպքերում հասարակության դժգոհության պատճառը հիմնականում այն էր, որ երկրի սոցիալ-տնտեսական և կորոնավիրուսային խնդիրների ֆոնին Բաքուն միլիոնավոր դոլարների օգնություն էր ցուցաբերում այլ երկրների: Իսկ Լիբանանի պարագայում առաջնահերթ էր այն, որ օգնություն է ցուցաբերվում «հայամետ երկրի» (այսպիսին էր վերաբերմունքը նաև Իրանի դեպքում)։

Ուստի ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ ստիպված եղավ բացատրել իր «հումանիտար առաքելության» իրական նպատակները, և ներկայացնել, թե իրականում ինչի վրա են ծախսվում այդ գումարները։

Անշուշտ, Բաքվի նման ակտիվությունը հետապնդում է այլ նպատակներ և, մասնավորպես, միտված է տվյալ երկրներում ադրբեջանամետ դիրքորոշում ձևավորելուն, անհրաժեշտության դեպքում ադրբեջանպաստ հայտարարություններ և գործողություններ կորզելուն։ Եվ սա հատկապես կարող է կիրառվել Արցախյան հակամարտության հարցում։

Հատկանշական է, որ Ադրբեջանում շտապեցին նաև պահանջել իրենց օգնության փոխհատուցումը։ Օրինակ հունիսին պատգամավոր Նասիմ Մահամալիևը, Եվրոպայի խորհրդին մեղադրելով հայանպաստ գործունեության մեջ, պնդում էր, որ կառույցը  պետք է Ադրբեջանի նկատմամբ «արդարացի դիրքորոշում ցուցաբերի, քանի որ Բաքուն կորոնավիրուսի դեմ պայքարում մի շարք երկրների է օգնել»։

Ժաննա Վարդանյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am