1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահը պարգևներ է հանձնել շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Armenpress 13:31, 7 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին, մասնագիտական տոնին ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները և ընդգծել, որ դրանում մեծ է ինչպես պետական համապատասխան գերատեսչության պատասխանատուների, այնպես էլ շինարարական կազմակերպությունների աշխատակիցների ունեցած դերակատարությունը:

Իր ելույթում նախագահը նշել է, որ շինարարության ոլորտն այսօր կառավարության գերակա ուղղություններից մեկն է և համոզմունք հայտնել, որ բնագավառի աշխատակիցները կանեն հնարավորը նախանշված ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահեցրել է ներկաներին, որ հետևողական պայքար է տարվելու ոլորտում առկա արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ: «Մեր նպատակն արդյունավետ և թափանցիկ համակարգի ստեղծումն է: Բոլոր նրանք, ովքեր շեղվեն ընտրված ճանապարհից, չեն խուսափելու օրենքի առջև պատասխանատվություն կրելուց»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ներդրած ավանդի համար և մասնագիտական տոնի առթիվ Հանրապետության նախագահը մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել ԱՀ քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցների և բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am