Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

Armenpress 12:55, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու.

­ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

­ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,

­ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։ Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 21-ը։

Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) էսքիզները կարող եք ուղարկել e_karapetyan@police.am էլեկտրոնային փոստին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am