1000х90.jpg (78 KB)

«Զվարթնոցում» իրականացվելու է ուղևորների հեռահար ջերմաչափում «խելացի» սաղավարտներով

Armenpress 12:49, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցներն այսուհետև շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են օդանավակայանից:

«Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար: «Զվարթնոցում» ուղևորները, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ»,- հայտնում են միջազգային օդանավակայանից և հավելում, որ իրենք պատրաստ են դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին:

Համաճարակը մեծ ազդեցություն է թողել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am