Հայաստանն առաջին թռիչքով Բեյրութ կուղարկի 12 տոննա հումանիտար աջակցություն

Armenpress 11:47, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության եւս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»,- գրել է վարչապետը:

ՀՀ վարչապետը նաև տեղադրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարության անելիքների վերաբերյալ քննարկման տեսանյութը:

Քննարկման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ իրեն հայտնել են, որ այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք, որոնք հումանիտար աջակցություն կհասցնեն Բեյրութ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջին թռիչքը պլանավորված է օգոստոսի 8-ին, ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին ցուցաբերել դեղորայքային աջակցություն: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել երեքշաբթի, ևս մեկ թռիչք կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս պահին գնում է ապրանքների հավաքագրումը: Կարծում եմ մենք ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ առաջին թռիչքով, որը պետք է տեղափոխվի Լիբանան: Լիբանան են նաև գնալու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև հասկանան ինչ այլ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար»,- ասել է փոխվարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am