«Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունը» չի զիջում դիրքերը. հայ գրականություն, հուլիս, 2020

Armenpress 10:43, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաներից որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Երրորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը» չորրորդ տեղում է։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։

Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը հինգերորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող  զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմը» վեցերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է․ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Յոթերորդ հորիզոնականում է Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Վահրամ Սահակյանի «Ծովից ծով դատաստանն» ութերորդ հորիզոնականում է։ Ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Սահակյանը իր նոր գրքում ընթերցողներին է ներկայացնում իր պատմությունները, էտյուդները, մտորումները, հուշերը, կանխատեսումներն ու բացահայտումները։⠀

Հայ ժամանակակից հեղինակ Ջեսահի «Անանկենդանն» իններորդ տեղում է: Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր հերոսն անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Հերոսն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան:

Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրս» վեպը տասներորդ հորիզոնականում է։ Խանջյանի նոր գործը մեր ժամանակների մարդու բարդ հոգեաշխարհի գրողական նուրբ վերլուծություն է: Ինքն իր հետ անհաշտ, իր բարդույթները վերլուծելով՝ նա քրքրում է իր ներսը, բայց երկրում սկիզբ առած շարժումները նրան մղում են դուրս՝ իր ներսում եղածը պարպելու և հեղափոխելու ակնկալիքով: 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 87 2 0

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 41 3 +2

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 27 4 -1

Լևոն Նես

«Ստախոսը»

Զանգակ 26 5 *

Տա Թևեր

«731 օր քեզ համար»

հեղ․հրատ 18 6 *

Լիլի Մկրտչյան

«Թեյահոլիզմ»

հեղ․հրատ 18 7 +2

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ․հրատ 16 8 -4

Վահրամ Սահակյան

«Ծովից ծով դատաստան»

Արմավ 12 9 *

Ջեսահ

«Անանկենդան»

Անտարես 10 10 նոր

Գուրգեն Խանջյան

«Ներսուդուրս»

Անտարես 8


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am