Լիզինգային գործարքները կազատվեն ԱԱՀ-ից․ մասնագետ

Armenpress 20:11, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիզինգի մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները կազատեն լիզինգային գործարքները ԱԱՀ-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ձեռնարկատիրության աջակցության գրասենյակի խորհրդատու Իզաբելլա Հովհաննիսյանը։

«Լիզինգային գործարքները նախկինում չեն ազատվել ԱԱՀ-ից, ի տարբերություն բանկային վարկերի, սակայն այժմ կանոնները հավասարեցվել են։ Նախագիծը ենթադրում է Քաղաքացիական և Հարկային օրենսգրքերի փոփոխություններ, որոնց արդյունքում կկարգավորվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գույքահարկի վճարումները, ավելացված արժեքի հարկի վճարումները, երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները եւ այլն: Բացի այդ, էական է գույքահարկի փոփոխությունը, որը կթեթևացնի ֆինանսական բեռը լիզինգի տրամադրման դեպքում, ինչպես նաև հավասարաչափ կբաշխի միջոցները Հայաստանի բոլոր մարզերում: Լիզինգի սխեման, որը նման է գույքադրմամբ կամ հիփոթեքային վարկով ապահովված վարկի տրամադրմանը, նախատեսված է ոչ թե Կենտրոնական բանկի նորմատիվ փաստաթղթերում, այլ օրենքում: Փոփոխությունները թույլ են տալիս իրականացնել երկրորդային և կրկնակի լիզինգի գործարքներ: Դա կհանգեցնի նրան, որ բանկերը եւ ֆինանսական հաստատությունները կկարողանան լիզինգով կրկնակի հանձնել, օրինակ, գյուղտեխնիկա: Լիզինգային գույք ձեռք բերելու դեպքում ԱԱՀ չի հաշվարկվելու, և դրա օգտագործման ժամանակահատվածի համար գույքահարկը կամ, օրինակ, տուգանքները վճարելու է լիզինգ ստացողը, քանի որ նա կհամարվի պատասխանատու: Այս ամենը կբարձրացնի հաճախորդների համար լիզինգի գրավչությունը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր 17 բանկից և 32 վարկային կազմակերպությունից միայն 8 ֆինանսական կառույց է լիզինգ տրամադրում: Ձեռնարկատիրության աջակցության գրասենյակի խորհրդատուն վստահեցրեց, որ փոփոխությունները թույլ կտան փոխել առկա պատկերը և խթան հանդիսանալ Հայաստանում այս ֆինանսական գործիքի զարգացման համար։

 

Լիլիթ Դեմուրյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am