Հիմնանորոգվում է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը

Armenpress 15:42, 6 Օգոստոս, 2020

ԳԱՎԱՌ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւան-Մարտունի­­-Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ խաչատրյանը, ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: 

Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնե վերին շերտի  տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ  ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնե   ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ: Շինարարությունն իրականացնում է «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերությունը»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am