Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը.Փաշինյան

Armenpress 13:25, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ ներդնել նոր Հայաստանի փիլիսոփայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 6-ի գործադիրի նիստում՝ Տավուշի մարզպետարանին նշված շինարարական աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցի քննարկման ընթացքում:

«Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին: Անթույլատերի է, որ այդ խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը:

«Աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ ու ասեմ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից նոր պուրակ ու տուն ենք կառուցում»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։

Փոխանցվող գումարից 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:

Ավելի վաղ Կառավարությունը Տավուշի մարզպետարանին ևս 25 մլն դրամ էր փոխանցել:

Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am