Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին

Armenpress 12:40, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ընթացքում անդրադարձավ շրջանառության մեջ դրված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշեց, որ հանրակրության պետական չափորոշչի շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է ՀՀ կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

«Այս ընթացքում, իհարկե, այն կբարելավվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով: Մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարական պատկերացումը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով առարկայական չափորոշիչներին` վարչապետը նշեց, որ այդտեղ նախատեսվող փոփոխություններն ու ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների ու յուրաքանչյուր անհատի շահերից:

«Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է: Որևէ մի բան մեզ չի շեղելու Հայոց պետականության հավիտենականության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,- ասաց վարչապետը:

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am