Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Armenpress 17:58, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am