1000х90.jpg (78 KB)

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Armenpress 12:50, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին: Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանա հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am