Սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը. Արարատ Միրզոյան

Armenpress 10:16, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը»,- գրել է Միրզոյանը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:  Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am