Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Armenpress 09:29, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,- գրել է փոխվարչապետը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am