ԱԺ պատգամավորը տեղեկություն ունի Լիբանանում հայ վիրավորների մասին 

Armenpress 22:32, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր են վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետևանքով։ 

Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»,- գրել է պատգամավորը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:

Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

Լուսանկարը` Reuters-ի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am