ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի մամուլի խոսնակ

Armenpress 18:26, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին այն մասին, որ ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգերը ենթարկվել են ադրբեջանական հաքերային հարձակման:

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Գևորգյանը:

Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am