Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից

Armenpress 09:22, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և օգտագործում են իրենց կողմից քաղված սնկերը:  Հանրապետությունում սնկից թունավորման օրերս գրանցված վերջին ահազանգի համաձայն՝ օգոստոսի 1-ին 5 քաղաքացի հայտնվել էր հիվանդանոցում: Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանք կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

«Այստեղ գործ ունենք երկու տարբեր ընտանիքների հետ, որոնք Լոռու մարզից են: Սնկից թունավորման դեպքը տարբեր համայնքներում է գրանցվել, միմյանց հետ կապ չունեցող դեպքեր են: Մեկը 2 հոգանոց, մյուսը 3 հոգանոց ընտանքիներ են: Մեկ հոգի արդեն դուրս է գրվել, մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Գերատեսչությունը հնարավոր բոլոր աղբյուրներով իրազեկման աշխատանքներ է կատարում բնակչության շրջանում և հորդորում, որպեսզի հեռու մնան անհայտ ծագման սնկերից: 

«Մի փորձեք ձեր քաղած սունկն օգտագործել: Շատ հաճախ թունավոր սնկերը նման են ուտելու սնկերին և տարբերակելը շատ դժվար է լինում: Ցավոք սրտի, մեր հասարակության շրջանում դեռ պահպանվում է նկարներով ուտելու սնկերը տարբերակելու մոտեցումը, սակայն դա ռիսկային է: Դեպքեր ենք ունեցել, քաղաքացին պատմել է, որ միշտ այդ սունկը կերել է, սակայն մի օր ուտելուց հետո թունավորվել է: Ասեմ, որ թունավոր սունկը կարող է աճել ուտելու սնկերի կողքին, ինչը դժվարացնում է տարբերակելու գործընթացը»,-ասաց նա:  

Մասնագետը հորդորեց նաև անհայտ ծագման վայրերից սունկ չգնել: Այս օրերին հաճախ ականտես ենք լինում համայնքներին մոտ բնակավայրերում, փողոցներում, մայրուղիներում դույլերով սունկ վաճառելու գործընթացին: Նման դեպքում ի՞նչ վերահսկողական գործառույթներ են նախատեսված օրենքով, ի՞նչ անելիք ունի տեսչական մարմինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ այդ հատվածում իրենք իրավասություն չունեն:

«Մենք վերհսկում ենք միայն իրավաբանական անձանց: Այն, ինչ վաճառվում է խանութներում, պետք է ունենա ուղեկցող փաստաթղթեր, որպեսզի մենք հստակ տեսնենք թե շեղումը որտեղից է գալիս: Ֆիզիկական անձի դեպքում մենք գործառույթ չունենք: Մենք չենք կարող ֆիզիկական անձին ստիպել ինչ-որ բան անել կամ նրա նկատմամբ սանկցիաներ կիրառել»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ փողոցներում, մայրուղիներում սնկի վաճառք կլինի, թե խնձորի կամ այլ սննդի տեսակի, դիտարկվում է փողոցային առևտրի համատեքստում: Այդ դեպքում վերահսկողությունը տեղական ինքնակառավարման մարմիններինն է, ոստիկանությանը: 

Ամեն դեպքում եթե կերել եք սունկ և ունեք ինքնազգացողության վատացում, մասնագետները հորդորում են անմիջապես դիմել բժշի, չզբաղվել ինքնաբուժությամբ:  Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները զգուշացնում են՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,  ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը: Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել հում սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am