1000х90.jpg (78 KB)

Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները

Armenpress 18:21, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շարունակվում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում գտնելու շուրջ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Հաշվի են առնվելու արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի առկայութունը, ինչպես նաև համաճարակաբանական վիճակը: Այժմ փոփոխություններ են մշակվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում»,- ասաց Հունանյանը:

Ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակվում է օրենսդրական փաթեթ, որի փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին: Այս մասին Մարտիրոսյանը նշել էր, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:

Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին ավարտվում է կառավարության կողմից երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am