1000х90.jpg (78 KB)

ՔՏՀԱՏՄ-ն  վերահսկողություն է իրականացրել Երևանի վարչական շրջաններում

Armenpress 18:08, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ оգոստոսի 3-ին շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի Կենտրոն, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակում, Եղվարդի խճուղիում, Նոր Նորքի 1-ին զանգվածում ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում և շրջիկ խմբերով իրականացված վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես վերջին մի քանի օրերին, կրկին հայտանբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում կատարել են ամենօրյա իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև որոշ թերությունների դեպքերով տվել շտկման ցուցումներ։

Վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am