Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին

Armenpress 17:51, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։

Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am