1000х90.jpg (78 KB)

COVID-19. Մեքսիկան մահերի թվով աշխարհում երրորդն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

Armenpress 16:00, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 795 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 683 հազարը: Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն 186 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 707 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 156 հազար 772 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 666 հազար 298-ի, մահերինը՝ 92 հազար 568-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 701 հազար 532, մահերինը՝ 36 հազար 587:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 845 հազար 443 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 462 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 14 հազար 058 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 493 հազար 183 է, մահերինը՝ 8 հազար 005: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 424 հազար 637 ընդհանուր, 46 հազար 688 մահվան դեպքով:  Պերուն առանձնանում է 414 հազար 735 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 19 հազար 217 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 355 հազար 667 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 457: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 335 հազար 602 ընդհանուր, 28 հազար 445 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 հազար 752-ի, մահերինը՝ 16 հազար 982-ի: Թուրքիան առանձնանում է 230 հազար 873 ընդհանուր, 5 հազար 691 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1171-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 29-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 45-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 337, որից ապաքինվել է 78 հազար 989-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 275 հազար 905 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 110 հազար 695, մահերինը՝ 174: Եգիպտոսում առկա է 94 հազար 078 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 805 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 60 հազար 760 է, մահացածներինը՝ 351: Լիբանանում կա 4 հազար 555 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 61: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 757-ի: Վարակի հետևանքով մահացել է 43 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am