Արթուր Պետրոսյանը` «Ցյուրիխ»-ի երիտասարդական թիմի մարզիչ

Armenpress 21:10, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մարզչական աշխատանքի է անցել Ցյուրիխում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոսյանը կմարզի «Ցյուրիխ»-ի մինչև 21 տարեկանների թիմը: 

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում: Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին։ 

Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 

2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: 2016-2018 թվականներին գլխավորել է Հայաստանի հավաքականը: 2018-2019 թվականներին եղել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզիչը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am