1000х90.jpg (78 KB)

Նախորդ տարի տեղադրվել է 3666 արևային կայան. կայացել է ՀՎԷՆ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Armenpress 20:11, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հուլիսի 30-ին կայացած նիստը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ՝ ներկայացվել է հիմնադրամի՝ 2019 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը հաստատվել է խորհրդի անդամների կողմից։

Քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա Արագածոտնի, Գեղարքունիի, Կոտայքի և Շիրակի մարզերի ընտրված դպրոցներում էներգախնայողության համակարգեր ներդնելու ծրագիրը։

Նախարար Սուրեն Պապիկյանը, ծանոթանալով հիմնադրամի աշխատանքների ընթացքում դպրոցների կարիքների գնահատման արդյունքներին, շեշտել է նմանօրինակ ծրագրերի դերը Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերում․ «Հիմնադրամի ծրագրերի իրականացումը շատ կարևոր ազդակ եմ համարում թե՛ կառավարության հետ համագործակցության առումով, թե՛ հանրային ընկալման տեսանկյունից։»

Խորհրդի անդամները քննարկել են նաև համայնքներում իրականացվող  էներգախնայողությանը միտված սուբվենցիոն ծրագրերում հիմնադրամի ներգրավվածության հնարավորությունը։

Օրակարգում ներառված էր նաև չգազաֆիկացված համայնքներում իրականացվող ծրագրերի հարցը։ Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը տնային տնտեսությունների համար՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգգտագործմամբ։ Խորհրդի անդամները փաստել են, որ 2019 թվականին իրականցված աշխատանքների արդյունքում տեղադրվել է 3666 արևային կայան։

Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, քննարկել է նաև սահմանամերձ խոցելի համայնքներում էներգաարդյունավետ ջեռուցման և լուսավորության համակարգերի կառուցման հնարավորությունը։

Նիստի ավարտին հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am