Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը. Աննա Նաղդալյան

Armenpress 15:31, 20 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած վերջին գործողությունները ցույց տվեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նաղդալյանն ասել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին ի պատասխան:

«Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»,- ասել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ դեռևս 2016թ. Ապրիլյան պատերազմի սանձազերծումով Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել, իսկ Ադրբեջանի վերջին գործողությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության:

«Վերջին երկու տարում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության»,- նշել է Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am