1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հետևանքների համար. Հարավկորեական լրատվամիջոցի անդարադարձը

Armenpress 20:04, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական «Seoul City» լրատվամիջոցի ուշադրությունից չեն վրիպել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները, լրատվամիջոցը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները` մեջբերելով պաշտոնական հայտարարությունները, որոնցում ընդգծվում է` Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այս սադրիչ գործողությունների հետևանքների համար:

«Արմենպրես»-ի փոխնացմամբ՝  լրատվամիջոցը հիշեցրել է, որ ՀՀ-ն խստագույնս դատապարտել է հուլիսի 12-ի կեսօրվանից սկսած ՝ Ադրբեջանի  զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ, որն ուղեկցվել է հայկական դիրքեր ներթափանցելու փորձերով ՝ օգտագործելով հրետանի: Հայկական կողմի համաչափ գործողությունների արդյունքում այս սադրիչ գործողությունները արդյունավետորեն ճնշվել են:

«Նույնիսկ մի քանի զոհից հետո, ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին` միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչությունը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը»,-գրել է «Seoul City»-ն: 

Լրատվամիջոցը նաև թվարկել է Տավուշի մարզի բոլոր այն բնակավայրերը՝ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար և Այգեպար, ինչպես նաև Բերդ քաղաքը, որոնք Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է, շեշտել, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ՝ կանխելու հետագա էսկալացիան, որի համար նա կրում է ողջ պատասխանատվությունը: Ադրբեջանը դիմում է ուժի, էսկալացիայի այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչ էին արել զերծ մնալ սադրիչ գործողություններից, պահպանել հրադարարը: «Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալիքների արդյունքում ձեռնարկված սադրիչ գործողությունների հետևանքների համար»,-գրված է հոդվածում:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ այս համատեքստում Հայաստանը նաև խստագույնս դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով թուրքական կողմը ոչ միայն հայտնել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին` արդարացնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հայերի նկատմամբ, այլ նաև տարածել է չափազանց կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Թուրքիայի կողմից այս սադրիչ վերաբերմունքը և Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքները վկայում են այն մասին, որ այս երկիրը ոչ թե հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ որպես կողմ՝ ներգրավված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այսպիսով եզրահանգել՝ այս փաստը նույնիսկ ավելի քան անհնար է դարձնում այն, որ Թուրքիան պետք է որևէ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում, միջազգային և մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթ ակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթացնում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am