Հակառակորդի կորուստները մեկ-երկու տասնյակից ավելի կարող են լինել․ Հովհաննիսյան

Armenpress 15:00, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ նույնիսկ մեկ-երկու տասնյակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե որքան են եղել հակառակորդի կորուստները։

«Հստակ գնահատել չենք կարող հակառակորդի կորուստները։ Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ մեկ-երկու տասնյակի նույնիսկ, բայց հստակ չեմ կարող ասել։ Չէի ուզենա պնդել մի բան, որը հետո դժվար լիներ ապացուցել։ Կսպասենք հակառակորդի հաստատմանը, ըստ այդմ, ավելի մոտավոր կհասկանան թիվը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀՀ ԶՈՒ-ն չի ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորներ։

24-ժամյա հրադադարից հետո հուլիսի 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները Տավուշի սահմանագոտում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն հայկական ստորաբաժանումների գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am