ՄԻՊ-ը միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին Տավուշը գնդակոծելու հարցով

Armenpress 13:09, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշել է, որ միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման ինքնուրույն աղբյուրները:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: Այսօր առավոտյան ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին»,- նշել է Արման Թաթոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնաեկ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am