ՀԱՊԿ-ը միանշանակ պետք է արձագանքի. Քաղաքագետ

Armenpress 13:06, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանին ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միանշանակ պետք է արձագանքի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր քաղաքագետ Գարիկ Քեռյանը: 

«Առանց այն էլ ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում հաճախ հնչում են կարծիքներ այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի կատարում կոլեկտիվ անվտանգության իր գործառույթները: Տեսնում ենք սադրիչ գործողություններն ամիջապես Հայաստանի սահմանին են, այստեղ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը հայտարարություն պետք է անի, թեպետ, ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Այն կարող է լինել վերացական դատապարտող կամ կողմերին խաղաղության առաջարկ անող հայտարարություն: Պատճառն  այն է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում»,-ասաց  քաղաքագետը: 

Խոսելով Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գարիկ Քեռյանը նշեց, որ ամբողջ հակամարտության ընթացքում, անկախ նրանից բանակցային գործընթացն ակտիվ է, թե պասիվ, սահմանային ընդհարումների վտանգը միշտ եղել է: 

«Նման գործողությունների գնալու ենթադրություններից մեկն այն է, որ երկրի ներսում սոցիալական լարվածութուն կա, կորոնավիրուսի, նավթի գների անկման հետ կապված խնդիրներ կան: Ղարաբաղյան ճակատը Ադրբեջանի իշխանությունների համար եղել է այն ուղղությունը, որը միշտ հարմար է եղել շեղել հասարակության ուշադրությունը, ցույց տալ, որ շատ ավելի մեծ վտանգներ կան, քան ձեր սոցիալական խնդիրը, աշխատավարձերը, թոշակները կամ օրվա հացի խնդիրը: Սա շատ հարմար քայլ է շեղել հակաիշխանական տրամադրություններից»,-ասաց նա: 

Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախագահ Ալիևը և նրա շրջապատը, անհանգստացած են, որ բանակցային գործընթացում ռեալ արդյունք չկա: Սառեցումը կարող է երկարատև շարունակվել, հետևաբար նման սադրանքներով, ընդհարումներով փորձում են կրակը վառ պահել: 

«Այստեղ շատ ակտիվ աշխատանք պետք է իրականացնել տեղեկատվական դաշտում: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի ներկայացնել, որ Հայաստանն է նման գործողությունների գնում համաճարակի պայմաններում: Մեր համապատասխան կառույցները պետք է ակտիվ աշխատեն միջազգային հանրությանն իրական պատկերը ներկայացնելու համար: Մեզ համար վաղուց պարզ է, որ Արդբեջանը թքած ունի թե միջազգային պայմանագրերի, թե հորդորների, հայտարարությունների վրա: Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք իրականը, որ ընկալումներում Հայաստանը չլինի ագրեսոր»,-հավելեց Գարիկ Քեռյանը:  

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am