1000х90.jpg (78 KB)

Առողջապահության նախարարությունը հորդորում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Armenpress 18:52, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

 

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, չուտել հում սունկ, երեխաներին չկերակրել սնկով, աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, չզբաղվել ինքնաբուժմամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am