ՔՏՀԱՏՄ-ն հանգստյան օրերին շարունակել է հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

Armenpress 17:29, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր:

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am