Աշխարհին շոկոլադի քաղցրություն է պետք. այն  համեմատել են համբույրի հետ ու անվանել աստվածների սնունդ

Armenpress 14:52, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոկոլադը Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ մտնող սնունդներից մեկն էր։ Ըստ հրամանատարների հրամանի՝ այդ շոկոլադի համը պետք է լիներ «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի միանգամից չսպառվեր։

Ասում են, թե շոկոլադի բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով «Hershey» շոկոլադի ընկերության հիմնադիրը չի կարողացել բարձրանալ «Տիտանիկ» նավը, եւ, հավանաբար, «ձախորդությունը» փրկել է նրա կյանքը։

Այսպես՝ շոկոլադի մասին ինչ ասես՝ կարելի է լսել, չհաշված սեփական «փորձն» ու զգացողություններն այն համտեսելիս եւ ինչու միայն համտեսելիս. քիչ հաճույք չի պատճառում նաեւ շոկոլադի տեսքը թե՛ խանութների ցուցափեղկերում, թե՛ սեղաններին։ Այդ շոկոլադե ոսկին սեղանների փրկիչն ու զարդն է. նրանով պատրաստված քաղցրավենիքներն առանձնահատուկ տեսք ու հրապույր ունեն, պակաս հրապուրիչ չեն նաեւ նրանով պատրաստված լիկյորներն ու զանազան խմիչքները, իսկ, առհասարակ, ո՞վ կգնա հարսնատես, կնունք կամ ծնունդ առանց գեղեցիկ փաթեթավորված շոկոլադե հավաքածուի տուփի։ Այն հարգի է բոլոր դեպքերում, ինչպես Կոկո Շանելի փոքրիկ սեւ զգեստը՝ կնոջ համար, որ դժվարանում է զգեստապահարանից համապատասխան զգեստ գտնել որեւէ անակնկալ միջոցառման համար։

Շոկոլադը, իհարկե, իր սիրելի ընկերախումբն ունի, որով այցելում է երեկոների ու դառնում հաճելի ժամանցային «համեմունք»։ Ո՞ւմ չի վիճակվել ներկա լինել այնպիսի մի հավաքույթի, որտեղ ծաղիկներով զարդարված սեղանից՝ զանազան մրգերի, խմիչքի հետ միասին իր հրապույրներն է արձակում շոկոլադե կոնֆետների հավաքածուն կամ շոկոլադե տորթը՝ անհամբեր կիսվելու սպասումով, իսկ սենյակում հնչում է մտերմիկ մեղեդին ու պարի հրավիրում, եւ կարեւոր չէ՝ տորթը կկիսվի, թե ոչ, կամ շոկոլադե հավաքածուից կպակասի մի քանի կոնֆետ. կարեւորը դրանց ներկայությունն է սեղանի վրա եւ ծաղիկների բույրը, որ մի կում խմիչքի ու պարապտույտի հետ երեկոն վերածում են թաքուն սիրո լուռ բացատրության՝ թողնելով երբեւէ ապրած քաղցր զգացողության անմոռանալի հիշողություն... Այո, շոկոլադը նախ եւ առաջ տրամադրություն է, որ իր ներկայությամբ ստեղծում է փափուկ, խաղաղ մթնոլորտ եւ ժպիտ՝ անգամ ամենազուսպ շուրթերի վրա, եւ զուր չէ, որ այն համեմատում են համբույրի հետ... Գուցե, սա է պատճառը, որ տղամարդուն կատակով խորհուրդ են տալիս՝ հանկարծ ռիսկի չդիմել՝ կնոջը հարցնելու իր եւ շոկոլադի միջեւ ընտրության մասին...

Կակաոյի ծառի սերմերը եւ դրանցից պատրաստվող ուտելիքն ու խմիչքը մարդկությանը հայտնի ամենավաղեմի սնունդներից են։ Այդ մասին են վկայում մ. թ. ա. 1900 թվականին չէքսերի (Մեքսիկա) պատրաստած շոկոլադե խմիչքները։ Շոկոլադե խմիչքներ են ստեղծել նաեւ մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում՝ մայաներն ու ացտեկները. վերջիններս այն անվանել են աստվածների սնունդ։ «Շոկոլադ» բառն առաջացել է դասական՝ նահուելլյան «chocoletl» բառից։

Մինչեւ 16—րդ դարը ոչ մի եվրոպացի երբեւէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին։ Քրիստափոր Կոլումբոսն ու որդին՝ Ֆերդինանդը, կակաոյի սերմերն առաջին անգամ տեսան դեպի Ամերիկա՝ Կոլումբոսի չորրորդ ուղեւորության ժամանակ՝ 1502 թվականի օգոստոսի 15—ին, երբ կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին կակաոյի հատիկներ։ Իսպանացի Հերնան Կորտեսն առաջինն էր, որ հանդիպեց այդ փրփրալից խմիչքին, քանի որ Մոնթեսումայում այն ընթրիքի ավարտի անբաժան մասն էր։ Ջոզեֆ Աքոստան 16—րդ դարում իսպանացի ճիզվիտ միսիոներ էր, ով գրեց խմիչքի՝ իսպանացիների վրա ունեցած աճող ազդեցության մասին։ Իսպանացիները, շոկոլադը բերելով Եվրոպա, անվանեցին «սեւ ոսկի», թեեւ այն որեւէ ազդեցություն չունեցավ, մինչեւ իսպանացի միաբանները այն չներկայացրին իսպանական դատարան, եւ այնպես չէ, որ այդուհետ մարդիկ միահամուռ ընդունեցին դառը, փրփրուն խմիչքը. այդ իսկ պատճառով խմիչքին սկսեցին ավելացնել շաքար կամ մեղր։ Իսկ ամերիկացիներն ավելի հաճելի համուհոտի համար նրան ավելացնում են վանիլին՝ պղպեղի եւ այլ համեմունքների հետ։

Շոկոլադի հանդեպ մեծ սիրո դառը իրողություններից էր 1600—1800—ական թվականներին ստրկական շուկայի ծաղկումը, երբ կակաոյի աշխատատար ու դանդաղ մշակումը կատարվում էր ձեռքով, եւ միայն արդյունաբերական հեղափոխությունը հեշտացրեց շոկոլադի արտադրությունը։ 1815 թվականին հոլանդացի քիմիկոս Կոենրադ վան Հոուտեն հիմնային աղեր ավելացրեց շոկոլադին, ինչը կրճատեց նրա դառնությունը։ Մի քանի տարի անց՝ 1828 թվականին նա ստեղծեց ճնշման սարք՝ բնական ճարպի (կակաոյի յուղի) մոտ կեսը լիկյորից հեռացնելու համար, որի արդյունքում շոկոլադը դարձավ ե՛ւ էժան, ե՛ւ որակյալ։ Այս նորարարությունն սկիզբ դրեց շոկոլադի ժամանակակից դարաշրջանին։ Շոկոլադը հայտնի է բազմաթիվ տարատեսակներով, որոնցից կարելի է առանձնացնել մաքուր՝ առանց հավելումների շոկոլադ, որ հաճախ կոչվում է «եփվող շոկոլադ». պարունակությունը՝ մաքուր շոկոլադ եւ կակաոյի յուղ՝ տարբեր չափաբաժիններով։ Շոկոլադի մեծ մասն այսօր սպառվում է քաղցր շոկոլադի ձեւով, որը պատրաստվում է շաքարով։ Շոկոլադը ոչ միայն խոհարարական, արտադրական, այլեւ գիտական թեմա է, սակայն սպառողի համար ոչ այնքան հետաքրքրության, որքան հաճույքի աղբյուր, այնպես որ շոկոլադի հետ կապված ուրախ ու տխուր պատմությունները թողնելով ուսումնասիրողներին՝ շտապենք շնորհավորել այն համտեսողների տոնը՝ Շոկոլադի համաշխարհային օրը, որը թեեւ ընդունվեց ուշացումով՝ 1995 թվականի հուլիսի 11—ին եւ առաջին անգամ տոնվեց Ֆրանսիայում, սակայն տոնի բացակայությունը երբեւէ չի խանգարել, որ շոկոլադը զարդարի տոնական ցանկացած սեղան եւ ուրախացնի նրա սիրահարներին, այնպես որ՝ բարով վայելեք աշխարհի ամենաքաղցր տոնը, սիրելի ընթերցողներ։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am