Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

Armenpress 17:19, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ  ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝  Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։  

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։

Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am