1000х90.jpg (78 KB)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ. շահագործման կհանձնվի

Armenpress 15:03, 11 Հուլիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից: «Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար: Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի:

Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am