Արցախի նախագահն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Armenpress 12:37, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»:

Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել Է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Այսպիսով, այդ դատական որոշումը ճանապարհ է բացում այդ թանգարանային հուշարձանի վերածմանը մզկիթի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am