1000х90.jpg (78 KB)

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Armenpress 21:53, 9 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը:

Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով: Համայնքում այժմ ընթանում է մեկ այլ կարեւոր սուբվենցիոն ծրագիր՝ մշակույթի տան նոր շենքի կառուցումը, որի մեկնարկը տրվել էր դեռ նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am