1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքում վատ որակի պատճառով չընդունված ճանապարհաշինական ծրագրերից 4-ի խնդիրները լուծված են

Armenpress 18:40, 9 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրկանացված սուբվենցիոն 103 ծրագրերից անավարտ էր մնացել 23-ը՝ անորակ լինելու պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, այդ ծրագրերից 5-ը վերաբերում է ճանապարհաշինությանը, որոնցից 4-ի դեպքում այսօրվա դրությամբ կարգավորված են բոլոր խնդիրները, քանի որ կատարված աշխատանքներն արդեն բերվել են պահանջվող որակյալ տեսքի: Գեղարքունիքի եւ Գանձակ համայնքներում այցելելեով շինհրապարակներ՝ մարզպետը ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին, մանրամասն դիտարկեց վերացված թերությունները:  

Ուսումնասիրությունից հետո Գնել Սանոսյանը անորակ կատարված շինարարության թերությունների շտկման եւ աշխատանքների որակի պահպանման շուրջ կիսվեց տպավորություններով՝ միաժամանակ կոչ ուղղելով շինարարներին. «Անցած տարի սուբվենցիոն ծրագրերից չի ընդունվել ճանապարհաշինական 5 ծրագիր Գանձակ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս եւ Վարդենիկ համայնքներում: Այսօրվա դրությամբ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դեռ թերությունները չշտկված են մնում Վարդենիկ համայնքում ու Ճամբարկի կենտրոնական հրապարակում: Մնացած տեղերում շինարարական կազմակերպությունները կարողացելե ն ապահովել պահանջվող որակը, ինչը նշանակում է, որ աշխատանքներն ընդունվելու են, ու դրանց դիմաց կատարվելու են համապատասխան վճարումները:

Գանձակում ու Գեղարքունիքում ճանապարհաշինական կազմակերպության կողմից իրականացված անորակ շինարարության  պատճառով չէր ընդունվել 4535 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք, որի դիմաց չէր վճարվել շուրջ 21 միլիոն դրամ: Կազմակերպությունը շտկել է բոլոր կարգի թերությունները՝ իր միջոցներով տեղադրելով ասֆալբետոնյա ծածկի երկրորդ շերտը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ ուղղել բոլոր շինարարներին՝ աշխատանքների որակը խստագույնս պահպանելու համար: Հավատացնում եմ, որ ոչ մի թերացում մեր տասադաշտից աննկատ չի մնա, ոչ մի անորակ  աշխատանք չի ընդունվելու, եթե այն չի համապատախանելու սահմանված չափորոշիչներին: Ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար հարկավոր է իրականացնել միայն ու միայն բարձրորակ շինարարություն.ահա մեր միակ պահանջը ձեզանից»,-շինարարներին դիմեց մարզպետը:

Գանձակ համայնքում Գնել Սանոսյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի եւ պետբյուջեի միջոցներով իրականացվող Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Այցի ընթացքում Գնել Սանոսյանը Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հետ քննարկեց համայնքային նշանակության առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am