Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիի շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Armenpress 17:49, 9 Հուլիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Վերջինս նախագահին զեկուցել է շրջանում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների, այդ թվում՝ երաշտից առաջացած խմելու ջրի սակավության և սոցիալական ծրագրերով նախատեսված բնակապահովությանն առնչվող հարցերի մասին: 

Երկրի ղեկավարը նշել է, որ Շուշիի շրջանի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով տարբեր մեծածավալ ծրագրեր են նախատեսվում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բերդաքաղաքի խմելու ջրի խնդրի լուծման համար կարճ ժամանակում ուսումնասիրել նոր ջրագծի կառուցման հնարավորությունները, լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ հատկացնել սոցիալական ծրագրերով տրամադրվող շինանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման շրջանակներում հերթացուցակում գտնվող 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ:

Նախագահն ընդգծել է, որ Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի՝ մինչև քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը և նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am