Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ԱԱՏՄ

Armenpress 17:33, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթու մկտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման և անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։Խախտումների նվազման միտում է նկատվում նաև մարզերում։

Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողերի թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։

Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը։ Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։

Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, եւ դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am