1000х90.jpg (78 KB)

Բերդի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Armenpress 15:37, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ավտոտնակի դիմաց իրենց է մոտեցել նույն քաղաքի 28-ամյա բնակիչը և դեռևս նույն թվականի ապրիլի 7-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքի հետ կապված հայհոյանքներ է հնչեցրել նույն բաժնի 2 ծառայողների հասցեին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշված արարքին իրավական գնահատական  տալու նպատակով ոստիկանության Տավուշի բաժին հրավիրված քաղաքացին, ավագ տեսուչի աշխատասենյակում չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, միաժամանակ բռունցքներով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի կրծքավանդակին, պատռել վերջինիս աջ ուսադիրը և վերնաշապիկի կոճակները և անմիջապես դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am