Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Armenpress 13:44, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։

Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am