Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Armenpress 13:27, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ucom ընկերությունը․

Նշվում է, որ ուլիսի 8-ի երեկոյան ծառայությունների անհասանելիության պատճառ է դարձել հոսանքի տատանման արդյունքում տեխնիկական հիմնական համակարգում առաջացած գերբեռնվածությունը։ Առաջացած խափանումն ազդել է նաև մյուս ենթահամակարգերի բնականոն աշխատանքի վրա։ Շարժական կապի ձայնային ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի հասանելիությունն օպերատիվ կերպով վերականգնվել է մոտ 2 ժամվա ընթացքում։ Ucom ընկերության կողմից տրամադրվող այլ ծառայությունները վերջնական կարգավորում կստանան արտերկրից պատվիրված բաղկացուցիչ մասերի Հայաստան հասնելուն պես։

«Այս պահին շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ։ Մեր տեխնիկական անձնակազմը, որը միջազգային լավագույն ընկերություններում աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով է համալրվել, իսկապես աննախադեպ կարճ ժամանակահատվածում է խնդրին լուծում տվել։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայաստանյան և օտարերկրյա մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ պետական մի շարք կառույցներին, Ucom-ի կորպորատիվ ու անհատ հաճախորդներին օպերատիվ աջակցության համար։ Նշեմ, որ անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն արդեն պատվիրված են և Հայաստանում կլինեն հաշված օրերի ընթացքում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Հավելենք, որ նոր բաղկացուցիչ մասերի տեղադրման և գործարկման նպատակով իրականացվող աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ucom ընկերության բաժանորդներին»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am