Հակաճգնաժամային 1-ին միջոցառման մեջ ներդրումները խթանող փոփոխություններ են կատարվել

Armenpress 12:56, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ է կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում նշեց, որ տրանսֆորմացիայի է ենթարկվել այն կետը, որի նպատակը ներդրումների խթանումն է, սակայն գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ  հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը նրա խոսքով, ռազմավարական է: 

«Մինչև օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250 մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսավարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն կստանա հավելյալ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է: Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով, ապա տնտեսավարողը հնարավորություն ունի ստանալ 500 մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, տնտեսավարողի տարեկան խնայողությունը 500 մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով, այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է: Անդրադառնալով հարկային բարեփոխումներին՝ փոխվարչապետն ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am