1000х90.jpg (78 KB)

ԱԳ փոխնախարար Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել  Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ

Armenpress 20:15, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։  

Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգին: Կարևորվեցին Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։ 

Կողմերն ընդգծեցին նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am