Վարդենիսում եւ Ճամբարակում պետական ծրագրերով կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ
ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվել եւ հաստատվել են ՀՀ Վարդենիսի «Երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշարձանի պուրակում ուղեգոտիների եվ սպասարկման հարթակի, հարակից խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում» եւ «Ճամբարակ քաղաքի կենտրոնական գերեզմանատան ցանկապատի վերանորոգում եւ տարածքի բարեկարգում» ծրագրերը:
Ներկայացված ծրագրերի մասին խոսել են Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչները՝ կարեւորելով համայնքներում դրանց իրականացումը, եւ միաժամանակ հավաստիացրել, որ այդ ծրագրերը կսկսվեն եւ կավարտվեն ըստ փաթեթում ներկայացված ժամկետների: Նիստի ավարտին հանձնաժողովը Վարդենիս եւ Ճամբարակ համայնքների կողմից ներկայացված այս ծրագրերը հաստատելու որոշում է կայացրել:
Խոսրով Խլղաթյան