Այրք գյուղը կունենա խմելու ջրի կանոնավոր մատակարարում

Armenpress 16:12, 7 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի 8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանց, որով եւ հիմնովին կլուծվի բնակավայրի ջրամատակարարման խնդիրը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 848 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, գտնվում է ամփոփման փուլում, իսկ շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: «Այրքի խմելու ջրատարի շուրջ 8 կիլոմետր երկարությամբ արտաքին ցանցը  կառուցվելու է նորովի, քանի որ հին ցանցը, որը սնվել է Աբասբեկ կոչվող սարի աղբյուրակապից, տարիների ընթացքում քայքայվել ու կորցրել է շահագործման պիտանիությունը: Շատ տեղերում ջրագիծն անցել է վերգետնյա, որը թալանվել կամ ջարդվել է, շատ տեղերում հողատերերը ծակել են խողովակաշարը՝ իրենց հողամասերը ոռոգելու նպատակով, իսկ դրա արդյունքում Այրքի բնակիչները տարիներ շարունակ հարկադրված են եղել խմելու ջուրը կրել մերձակա աղբյուրներից: Այս ծրագրի իրականացումից հետո Այրքի բնակիչները կունենան շուրջօրյա ու անվտանգ ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Մեր համայնքապետարանի կողմից որպես ծրագրի համաֆինանսավորող է հանդես գալիս «Կամրջակ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը: Վարդենիսի համայնքապետարանը ծրագրին մասնակցելու համար ֆոնդային բյուջեից հատկացնում է 5 միլիոն դրամ, իսկ մնացած 8 միլիոն 754 հազար դրամը հատկացնում է «Կամրջակ» կազմակերպությունը»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am