Ռեանիմացիայում գտնվող 1 պացիենտի համար՝ մոտ 1 մլն դրամ. Թորոսյանն անդրադարձավ բուժման ծախսերին 

Armenpress 15:54, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի համար որքան գումար է ծախսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նախ նշեց, որ այդ հարցի պատասխանը չկա, որովհետև հիվանդները բուժվում են տարբեր ԲԿ-ներում ՝ տարբեր անձնակազմով և տարբեր հագեցվածությամբ: Այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով: «Եվ կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից՝ շատ մոտավոր է հնարավոր ասել, թե այս ԲԿ-ում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է, մեկ այլ պացիենտի միջին ծախսն ինչքան է: Սակայն կան նաև հաստատված գներ մեր կողմից, որոնցով մենք վճարում ենք այն բժշկական կենտրոններին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, այլ ունեն կորոնավիրուսային բաժանմունքներ: Եթե չեմ սխալվում, մեկ «ռեանիմացիոն» պացիենետի համար՝ միջին հոսպիտալացման տևողությամբ, մոտավորապես 1 մլն դրամ գումար էր ստացվում»,-ասաց նախարարը:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 12 5088 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am