1000х90.jpg (78 KB)

Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությամբ առաջարկվում են համալիր լուծումներ

Armenpress 15:15, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում առկա խնդիրներն իրենց բնույթով համակարգային են, եւ դրանց լուծումները համարժեք գործողություններ են պահանջում։ Կենսագործունեության տարբեր ոլորտների համար հատվածական, իրավիճակային որոշումների ընդունումն արդյունավետ չէ, ինչը փաստում է անկախություն հռչակելուց հետո Հայաստանում իրականացված կառավարման փորձը։ Տարբեր Ժամանակների կառավարություններին հաջողվում էր սոցիալ—տնտեսական կյանքում էական առաջընթաց ապահովել, երբ խնդիրները համակարգային էին դիտարկվում, եւ համալիր լուծումներ էին առաջարկվում։

Սոցիալական ոլորտը ցանկացած պետության ներքին քաղաքականության հիմնական թիրախներից է, եւ այդ ուղղությամբ կատարվող քայլերը մշտական են ու պարբերաբար թարմացման կարիք են զգում։ Ամենախոցելի սոցիալական խմբերի բնականոն կյանքին նպաստող քաղաքականության իրականացման շրջանակներում գործադիրը մշակել է հերթական համալիր լուծումների ամբողջություն նախանշող փաստաթուղթը՝ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020—2025 թթ. ռազմավարությունը։

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը համալիր լուծումներ եւ ուղենիշներ է սահմանում պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության եւ ոլորտին հետեւողական աջակցություն ցուցաբերող միջազգային գործընկերների համար։ Փաստաթուղթն ընդգրկում է մինչեւ 2025 թ. համար մշակված գործողությունների համալիր ծրագիր։ Կորոնավիրուսի համավարակը վեր հանեց սոցիալական ոլորտի բազմաթիվ խնդիրներ, որոնք, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին իրենց դեռ զգացնել են տալու, հետեւաբար պետության համարժեք արձագանքը դրանց եւ օպերատիվ հակազդման միջոցառումների մշակումն ու իրականացումն այլընտրանք չունեն եւ օրինաչափորեն առկա են առաջարկվող փաստաթղթում։

Ներկայացված ռազմավարությունն ընդգրկում է սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտները։ Արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ է խնդիրների հիմնարար ախտորոշում, որը նախանշված է ռազմավարության սկզբունքներում։ Այդ նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած փաստաթղթում օգտագործվել են մինչ օրս այդ ուղղությամբ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ինչպես նաեւ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները։

Ռազմավարության մշակմանը մեծապես նպաստել են նաեւ կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու նպատակով կառավարության ընդունած ծրագրերը, որոնց իրականացման ժամանակ վեր հանվեցին ոչ միայն արտակարգ դրությամբ պայմանավորված սոցիալական բազմաթիվ խնդիրները եւ դրանց կարգավորման իրավական նորմերի բացերը, այլեւ ոլորտին մոտ բնագավառների այլ հարաբերությունները, հատկապես՝ աշխատաշուկայի իրավահարաբերությունները։

Փաստաթղթում սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման այնպիսի գերակայություններ, ինչպիսին է բնակչության իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովումը։ Այստեղ գործադիրն առանձնակի ուշադրություն է դարձրել սոցիալական արդարությանը եւ նախատեսել ներդնել գործուն մեխանիզմներ՝ այս կարեւորագույն հարաբերություններում խտրականությունը բացառելու համար։ Ոլորտի խնդիրներին լիարժեք եւ թիրախավորված լուծումներ տալու համար քայլեր են նախատեսվում այդ գործառույթն իրականացնող կառույցների կարողությունների մեծացման եւ զարգացման ուղղությամբ, դրանով վերջիններիս կողմից կապահովվեն որակյալ եւ արդյունավետ լուծումներ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման եւ իրականացման համար։ Կարեւոր է ոչ միայն սոցիալական ծառայությունների եւ իրականացվող ծրագրերի ծածկույթի ընդլայնումը եւ նոր ծրագրերի իրականացումը, այլեւ դրանց հետեւողական բարելավումը, մշտադիտարկումը եւ արդյունավետության գնահատումը։

Իրավական ակտով ստեղծվում են անհրաժեշտ նորմատիվ հիմքեր անձի ողջ կյանքի համար սոցիալական ներառման նպատակով նվազագույն պայմանների երաշխավորման ուղղությամբ։ Առանձնակի տեղ է հատկացվել բնակչությանը, հատկապես խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության եւ դիմակայունության շարունակական բարելավմանը։ Այստեղ մեխանիզմներ են մշակվել նաեւ մասնավորի հետ համագործակցությամբ նման խնդիրների լուծման համար, քանի որ վերջիններս ունեն նաեւ ստանձնած սոցիալական պարտավորություններ, եւ դրանք պետք է ավելի նպատակային եւ համակարգված իրականացվեն։

Ռազմավարության հիմքում դրված են ՄԱԿ—ի կայուն զարգացման սկզբունքները, որոնք տեղայնացվել են մեր հանրապետության համապատասխան ոլորտների եւ սոցիալական հարաբերությունների առանձնահատկությունների հետ։ Այս կարեւոր եւ համընդգրկուն ոլորտի խնդիրների կարգավորումն անհնար է միայն պետական միջոցներով եւ ռեսուրսներով։ Հաշվի առնելով դրանք՝ ռազմավարության ծրագրի իրականացման գործում ներառվել են նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակները։ Մշակված քաղաքականության եւ նախանշված ծրագրերի նպատակն է կանխարգելել եւ մարդկանց պաշտպանել աղքատությունից, խոցելիությունից եւ սոցիալական մեկուսացվածությունից, ապահովել բոլոր նրանց պաշտպանվածությունը, ովքեր ունեն դրա կարիքը։ Հասարակության դատին ներկայացված փաստաթղթով ամրագրվում է սոցիալական ապահովության ցանցի ինստիտուտը, որը ենթադրում է նվազագույն նյութական եւ ոչ նյութական աջակցություն անհատներին եւ տնային տնտեսություններին, որը նպաստում է՝ հաղթահարելու տեւական աղքատությունը, սոցիալական խոցելիությունը եւ զբաղվածության հենքի վրա ապահովելու դրանց բարելավումը։

Մշակված գործողությունների հիմնական սկզբունքներն են մարդակենտրոնությունը եւ մարդու իրավունքները, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, սոցիալական ապահովության նվազագույն ապահովումն ու այդ նպատակով նորարարության մշակումն ու ներդնումը։ Գործադիրը ռազմավարությամբ նախատեսում է վերացնել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումներում հատվածական մոտեցումները՝ նախապատվություն տալով միասնական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Նախատեսվում է սոցիալական պաշտպանության իրականացում կենսափուլային տարբերակով, որը ենթադրում է քաղաքացիների կյանքի ողջ ընթացքում, կյանքի տարբեր փուլերում սոցիալական պաշտպանության իրավունքի իրացման շարունակական ապահովում։ Վերանայվելու են սոցիալական պաշտպանվածության դերը՝ մարդկային կապիտալի զարգացման, ներառական ու կայուն տնտեսական աճի ու աղքատության հաղթահարման համատեքստում։ Այս խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար առաջնային է կրթության, զբաղվածության եւ այլ ոլորտների քաղաքականության միջեւ փոխգործակցության ապահովումը։ Նախագծով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ դրանք ապահովելու համար։

Հանրային քննարկման ներկայացված համալիր ծրագրով նախատեսվում է ոլորտում իրականացվող միջոցառումները վերաիմաստավորել սոցիալական արդարության հաստատման եւ մարդկային կապիտալի զարգացման նպատակների ներքո։ Ռազմավարությամբ գործադիրը նպատակ է հետապնդում զարգացնել արդյունավետ եւ հասցեական որոշումների կայացման մշակույթը։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am