Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնահայտորեն վարակված է. Թորոսյան

Armenpress 14:03, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնարավոր է լինեն դեպքեր, երբ բժիշկը մարդուն ասի՝ իմաստ չունի թեստավորվել, քանի որ նա ակնհայտորեն վարակված է: Շատ այլ երկրներում էլ կա այդ մոտեցումը՝ չթեստավորել, եթե ընտանիքի մի անդամը վարակված է, և մյուսի մոտ կան նույն սիմպտոմները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարը նախ նշեց, որ թեստերի դեֆիցիտ երբեք չի եղել, սակայն եղել են օրինակ թեստավորման փայտիկների դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Այնուամենայնիվ, չի եղել մի օր, որ Հայաստանում թեստ չարվի: 

Անդրադառնալով լրագրողի բարձրաձայնած կոնկրետ դեպքերին՝ նախարարն ասաց. «Երկկողմանի թոքաբորբը կամ թոքաբորբն արդեն  ուղիղ բժշկական ցուցում է թեստավորում անելու: Հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ դու ակնահայտորեն վարակված ես: Նման մոտեցում շատ այլ երկրներում էլ է եղել, երբ ընտանիքի մի անդամը վարակված է եղել, և նույն սիմպտոմներն ընտանիքի մյուս անդամների մոտ հայտնաբերված են եղել, ընդունված է եղել չթեստավորել, քանի որ ակնհայտ է, որ դա նույն հիվանդությունն է: Եվ, եթե բուժումն անցնում է տանը, այսինքն` հոսպիտալիզացիայի կարիք չկա, ուրեմն իրոք, կարծես թե, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ, որ գիտես, որ 14 օր պետք է մնաս, պետք է անցնեն քո սիմպտոմները, և դու պրակտիկ առողջ ես»:

Նա նկատեց` այլ է խնդիրը, երբ մարդը պետք է հիվանդանոցում պառկի: Այդ դեպքում իրավական առումով պետք է հավաստիանալ, որ նա ունի այդ հիվանդությունը: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ներուժի զարգացմանը զուգընթաց, նման դեպքերը գնալով ավելի քիչ են լինելու:

Հայաստանում նախատեսվում է օրական թեստավորումների թիվը առաջիկայում հասցնել 3000-ի:

Աննա Գրիգորյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am