Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

Armenpress 11:29, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարության տվյալների համաձայն՝ COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 350 թեստավորում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am